Ամերիկան սկսվեց Լոնդոն- Չիկագո չվերթով, որն իրականացնում էր Ամերիկյան Ավիաուղիները: Երբևէ, որևէ ավիաուղիներում միջին և ավելի տարիք ունեցող ուղեկցորդուհու չէինք տեսել, և այն գիտակցումը, որ ԱՄՆ-ը իսկապես հավասար հնարավորություններ է ստեղծում և խտրականություն չի դնում տարբեր սեռերի, տարիքի և կրոնական պատկանելություն ունեցող անձանց միջև, հաճելիորեն պարուրեց մեզ` մեր առջև բացելով մասնագիտական և մշակութային ճանապարհորդության դռները: Երկիր ոտք դնելուն զուգընթաց, մեզ շարունակեցին զարմացնել անծանոթ մշակույթի առանձնահատկությունները:
Ամերիկացիները ժպտում ու բարևում են բոլորին, անկախ նրանից, ճանաչում են միմյանց թե ոչ, տեղացի են թե արտասահմանցի: Իրենց քաղաքների կենտրոնական զբոսայգիներում ծածանվող տարբեր երկրների դրոշները մի տեսակ միասնականության զգացում են հաղորդում բոլորին` կարևորելով միջմշակութային արժեքների գիտակցումը:
Տարբերությունների հետ մեկտեղ` մենք ուրախ էինք տեսնել նաև նմանությունները երկու մշակույթներում: Երբ ամերիկացուն շնորհակալություն ես հայտնում, քեզ պատասխանում են` you are welcome. Հայաստանում, մասնավորապես Գյումրի քաղաքում, ի պատասխան քո շնորհակալության, գյումրեցիք պատասխանում են` բարով ես եկել…
Մենք տարբեր հուշանվերներ էինք բերել մեզ հետ, որոնք պատրաստվում էինք նվիրել մեր հյուրընկալող ընտանիքին, ընդունող կազմակերպությանը, այն մարդկանց, ում հետ պիտի ծանոթանայինք տեղում: Հայերն ընդհանրապես զանգ սիրում են. այն բարի լուրի ավետում է խորհրդանշում մեզ համար, հետևաբար մեզանից շատերը որպես նվեր իրենց հետ կավից պատրաստված զանգեր էին բերել: Մտածում էինք այդ զանգերից մեկն էլ նվիրել “Ֆիլադելֆիայի Միջազգային այցելուների խորհրդին”, սակայն, մեզ համար անսպասելիորեն, նրանք առաջինը դա արեցին` առաջին օրը ևեթ մեզ նվիրելով փոքրիկ զանգեր: Ահա այդտեղ էլ իմացանք, որ Ֆիլադելֆիա քաղաքի խորհրդանիշը զանգն է, այն զանգը, որ տարիներ առաջ իր իր ղողանջով ավետեց Ֆիլադելֆիայի ազատությունն ու անկախությունը:
Մշակութային նմանօրենակ պատահական “հայտնագործությունները” մեզ օգնեցին ավելի լավ ծանոթանալ ամերիկյան մշակույթին և սերտացնել կապերը մեր և ամերիկացիների միջև:
Մենք, իհարկե, ակնկալում էինք, որ Ամերիկայում հայերին լավ գիտեն, հատկապես Կալիֆորնիայում: Սակայն այն, որ Ֆիլադելֆիայում, հատկապես գործարար շրջաններում, նույնպես գիտեն հայերին, մեզ համար անսպասելի էր: Դա հասկացանք` ի դեմս Նորիստոնի Նոր Հոլլիվուդ ստուդիայի ստեղծողների, ովքեր, մեր ծագման մասին տեղեկանալով, անմիջապես զանգահարեցին Նյու Յորքի իրենց հայ գործընկերոջն ու մեզ ողջունեցին հայերենով, որը մեզ համար չափազանց հաճելի էր: Սակայն ամենատպավորիչն այն էր, երբ Ռոդենի թանգարանում մեզ դիմավորած սևամորթ հսկիչը մի պահ ուշադիր լսեց մեր հայերենն ու ռուսերենով հարցրեց, թե արդյոք նախկին Սովետական Միությունից չե±նք:
-ՍՍՀՄ-ից ենք, Հայաստանից,- պատասխանեցինք, վստահ, որ լսած չի լինի:
-Երևա±ն,- էլ ավելի լայն ժպիտով հարցրեց նա:
Հետո պատմեց, որ երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, և նույնիսկ հայ ընկերներ է ունեցել:
Ընկերությունը լավ բան է, բայց կարծիք կա, որ ցանկության դեպքում մարդիկ կարող են հասկանալ միմյանց նաև առանց խոսքի… Չգիտեմ, իմ ամերիկացի մայրիկը` Ջեֆֆի Աբոթը, գիտե±ր այդ մասին, բայց որ իմ չիմացած անգլերենը բավարարում էր մեր շփմանը, հաճելի իրողություն է: Հիմա գրում եմ այս տողերն ու աչքիս առաջ է այն երեկոն, երբ տեղական ալիքներից մեկով գեղարվեստական ֆիլմ էի դիտում` Քլին Իսթվուդի դերակատարմամբ: Ճիշտ է, տեքստը չէի հասկանում, սակայն առանձնապես դա ինձ չէր հուզում, քանի որ հեշտությամբ կռահում էի իմաստը: Այնուամենայնիվ, ամերիկացի մայրիկս չկարողացավ անտարբեր մնալ, տեղավորվեց կողքի բազմոցին, ու առավել մատչելի անգլերենով սկսեց “թարգմանել” ֆիլմը: Դա հիանալի զգացողություն էր…
Համայնքային կապեր ծրագրի շրջանակներում ԱՄՆ մեր կատարած այցի ժամանակ շատ հիշարժան դեպքեր եղան: Այդ պատմությունները շատ են, բայց կարևորն այն է, որ դրանցից յուրաքանչյուրն էլ, երբ մտովի վեր ենք հիշում, ժպիտ են ծնում: Դա նաև յուրահատուկ զգացողություններ է արթնացնում մեր մեջ մեր ամերիկացի գործընկերների հանդեպ: Ուզում ենք հուսալ, որ այդ հիշողություններն ու ժպիտները կրկին կհայտնվեն մեզ հյուրընկալող ընտանիքների հետ միասին, երբ համաձայն իրենց խոստումների ` նրանք կայցելեն Հայաստան …
Բարի գալուստ Հայաստան, սիրելիներս…
2009-09-21
|