|
Ստորև բերված է ամերիկյան հասարակության համար կարևորություն ներկայացնող մշակութային դասերի ու թեմաների ամբողջությունը: Ինչո՞վ է այն նման կամ տարբեր ձեր երկրում:
Էթնիկական բազմազանություն
Ամերիկաjում ապրում են ամենատարբեր զբաղմունքի, ծագման, ռասաներին պատկանող մարդիկ: Համաձայն 2003 թ. ԱՄՆ անցկացրած մարդահամարի, Միացյալ Նահանգներում ապրում է 283 միլիոն մարդ: Այս բնակչության 76% սպիտակամորթ են (որ նույնպես անգլերեն անվանում են կովկասցիներ), 14% իսպանական ծագում ունեն, 12% սևամորթ են կամ աֆրոամերիկացիներ, 4% ասիացիներ են, 0.8% բնիկ ամերիկացիներ կամ Ալյասկայի բնիկներ, և 0.1% Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակիչներ են:
ՈՒշադրություն`Ամերիկայում "նեգրը" չափազանց վիրավորական բառ է: Դրա փոխարեն մարդիկ հակված են օգտագործել "աֆրոամերիկացի" կամ "սևամորթ" բառերը:
Հավատ սեփական ուժերի նկատմամբ
Շատ ամերիկացիներ վաղ հասակից սովորում են հավատալ սեփական ուժերին: Օրինակ, բարձր դասարաններում մեծ թվով սովորող ամերիկացիներ դասերից հետո կես դրույքով աշխատում են, որպեսզի փող վաստակեն անձնական կարիքները հոգալու համար, ինչպիսիք են, օրինակ` ընկերների հետ կինո, սրճարան հաճախելը, կամ էլ ընտանիքի եկամտի մեջ իրենց ներդրումն ունենալու նպատակով: Շատ ծնողներ քաջալերում են իրենց երեխաների աշխատանքը դասերից հետո` որպեսզի նրանք սովորեն գնահատել աշխատանքը և փողը և հասկանան, որ ՙիրական կյանքում՚ նրանց ոչինչ հենց այնպես չի տրվելու: Նման ինքնավստահության օրինակ է այն փաստը, որ բոլոր ամերիկացիների մոտ 74 %-ը 18 տարին լրանալուց հետո սկսում են իրենց ծնողներից անկախ ապրել:
Սեռերի հավասարությունը
Ամերիկայում մեծ թվով կանայք ամբողջ օրը աշխատում են տանից դուրս: Ինչևէ վճարումների հարաբերությունը տղամարդկանց և կանանց միջև ԱՄՆ -ում կազմում է 75.5 սենթ յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց: Տանը, ծնողական պարտականությունները վերաբերում են երկուսին` թե մորը, և թե հորը, ինչպես և ամենօրյա տնտեսության վարումը համարվում է ընտանիքի բոլոր անդամների պարտականությունը: Վերջերս կայացած հարցման տվյալների համաձայն, Ամերիկայում ամուսնացած տղամարդկանց 65% պնդում է, որ նրանք ընտանեկան հոգսերը հավասար բաժանում են իրենց կանանց հետ, սակայն հարցման ենթարկված կանանցից միայն 47% է դրան համաձայն:
Կրոնը
Ամերիկայում ապրում են ամենատարբեր հավատների ու կրոնի տեր մարդիկ: Ամերիկայում ամենատարածված կրոնական ուղղություններն են` բողոքականները (52%), կաթոլիկները (24%), հրեաները (1%), մուսուլմանները (1%), և մորմոնները (2%) (2002 ԿՀԿ տվյալները): Բավականաչափ բնակչություն են կազմում նաև հինդուները, բուդդիստները, Եհովայի վկանները, աթեիստները և շատ այլոք: Համաձայն 2002թ. հարցման տվյալների` ամերիկացիների մոտ 44% առնվազն շաբաթը մեկ անգամ հաճախում են պաշտամունքային վայրեր: Համաձայն վերջերս կայացած Գելլըփի հարցման տվյալների, տաս ամերիկացիներից ինը հավատում են աստծուն կամ բարձրագույն ուժին, սակայն հարցման ենթարկվածներից միայն 54% է իրեն անվանում ՙկրոնապաշտ՚ (շատերը գերադասում են ընդհանուր ՙհավատացյալ՚ տերմինը):
"Հալման անոթը"
Ամերիկան հաճախ անվանում են "հալման անոթ"` այնտեղ բնակվող բազմազան մշակույթների տեր մարդկանց, տարբեր ժողովուրդների և ծագումների տեր անձանց յուրահատուկ խառնուրդի պատճառով: Բացառությամբ բնիկ ամերիկյան հնդկացիների, Ամերիկայում ապրող յուրաքանչյուր մարդ կամ ինքը ներգաղթած է կամ ներգաղթած անձանց հետևորդ է հանդիսանում: Այսօր Ամերիկայում բնակվում են գրեթե աշխարհի բոլոր երկրներից գերգաղթածներ: Ամերիկայի բնակչության մոտ 11.7% ծնվել է երկրից դուրս (ըստ 2003թ. ԱՄՆ մարդահամար տվյալների): Սրանցից մոտ 53.3% Լատինական Ամերիկայից են, 25% Ասիայից են, 13.7%` Եվրոպայից և 8% աշխարհի մնացած երկրներից (2002թ. ԱՄՆ մարդահամարի տվյալների համաձայն): Ըստ 2000թ. տվյալների, բնակչության 18% տանը խոսում է անգլերենից տարբեր որևէ այլ լեզվով ( համաձայն 2000թ. անցկացրած հարցման): Անգլերենից հետո ամենատարածված լեզուն իսպաներենն է, և բնակչության 14.3% պնդում է, որ այն է հանդիսանում իրենց առաջին լեզուն (2000թ. անցկացրած հարցում): Շատերն են զարմանում, երբ լսում են, որ Ամերիկան չունի պաշտոնական լեզու:
Հայրենասիրությունը
Ամերիկյան հայրենասիրությունն ավելի շատ հիմնված է մի շարք գաղափարների հանդեպ ունեցած հավատի, քան նրա աշխարհագրական տարածքի վրա: Ամերիկացիների մեծամասնության համար իրենց երկրի շունչը արմատավորված է ազատության, ժողովրդավարության և հավասարության գաղափարների մեջ, և ամերիկյան դրոշը խորհրդանշում է այդ արժեքները: Շատ այցելուներ զարմանում են, տեսնելով, թե որքան շատ են այն ամերիկյան ընտանիքները, որոնք ունեն կամ իրենց տանը կախել են գոնե մեկ ամերիկյան դրոշ: Դրոշի տասներեք գծերը ներկայացնում են սկզբնական տասներեք գաղութները, իսկ հիսուն աստղերը ներկայացնում են հիսուն նահանգները: Ազգային սգի օրերին դրոշը կիսատ է բարձրացվում: Ազգային դրոշը ծալելով հավաքելու պարզ գործողությունը հատուկ արարողություն է իրենից ներկայացնում` իր որոշակի կանոնակարգով: Ամերիկայի ազգային հիմնը` "Աստղազարդ դրոշը", տուրքի մատուցում է ամերիկյան դրոշին: Շատ ամերիկյան դպրոցներում երեխաները սկսում են իրենց օրը` արտասանելով "Հավատարմության երդումը" դրոշին:
Հասարակության շարժը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամերիկացիներից շատերն իրենց կյանքի ընթացքում չորս կամ հինգ անգամ փոխում են իրենց մասնագիտական ոլորտը: Միացյալ Նահանգներում ծնված քաղաքացիների 68% է, որ ապրում է այն նահանգում, ուր ծնվել է: Տեղափոխման պատճառները են քոլեջում ուսումը շարունակելը, նոր աշխատանք սկսելը, առավել էժան ապրուստը, առավել լավ եղանակը, այլ ապրելակերպի անցնելու ցանկությունը և այլն:
Կրթությունը
Ամերիկայում գրագիտության մակարդակը (սահմանված 15 և բարձր տարիքի մարդկանց տոկոսային հարաբերությամբ, ովքեր կարող են կարդալ և գրել) կազմում է 97%. ամերիկացիների ութսունհինգ տոկոսը ունի միջնակարգ և բարձրագույն կրթություն, իսկ 27% ունի բարձրագույն կրթություն և գիտական աստիճան (համաձայն 2003թ. ԱՄՆ վիճակագրական տվյալների): Քոլեջում կամ համալսարանում սովորելը Ամերիկայում շատ թանկ արժե: 2000թ. ստացիոնար սովորող ուսանողների 57% քոլեջում սովորելու համար ստացել են դրամաշնորհ, իսկ 45% վարկ են վերցրել: Հաշվարկվել է նաև, որ Ամերիկայում սովորող ուսանողության 79% ուսման հետ մեկտեղ աշխատում է: Քոլեջների ուսանողների մեծամասնությունը գոնե մեկ անգամ փոխում են իրենց հիմնական մասնագիտական առարկաները (այսինքն իրենց ուսումնասիրման հիմնական բնագավառը), իսկ ոմանք այն փոխում են մի քանի անգամ: Համաձայն Կրթության վիճակագրության ազգային կենտրոնի տվյալների` Ամերիկայում ամեն տարի բակալավրի աստիճան ստացողների 20% մասնագիտանում են բիզնեսի հետ կապված բնագավառներում, ինչպիսիք են հաշվապահությունը, մարքեթինգը, բիզնեսի կառավարումը, դարձնելով դրանք ամերիկյան համալսարանների ամենալայն ժողովրդայնություն վայելող մասնագիտությունները:
Ընտանիքը
Քանի որ գնալով մեծանում է համալսարաններում սովորող կանանց թիվը, ովքեր իրենց մասնագիտական առաջընթացով են հետաքրքրված, ապա բնական է, որ նրանք ավելի ու ավելի են հետաձգում ընտանիք կազմելու գործընթացը: Ներկայումս Ամերիկայում կանանց ամուսնության միջին տարիքը 25.3 է: Տղամարդկանց ամուսնության միջին տարիքը 26.9 է: Միացյալ Նահանգներում ամուսնությունների 50% ավարտվում է ամուսնալուծությամբ: Ամերիկացի զույգերը միջին թվով 2 երեխա են ունենում, սակայն մեծ թիվ են կազմում նաև երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքները: Արվարձաններում բնակվող շատ ընտանիքներ ապրում են սեփական տներում, սակայն մեծ քաղաքներում նույնքան բնական է նաև բնակարաններում ապրելը:
Անհատականությունը
Շատ հետազոտողներ նկատել են, որ ամերիկացները հակված են անհատի կարիքներն ու արժանիքները խմբայինից բարձր դասել: Իսկապես, ճիշտ է, որ շատ ամերիկացիներ բավականություն են ստանում առանձնանալուց և երբեմն միայնությունը նախընտրում են այլ մարդկանց ընկերակցությունից: Ամերիկյան մշակույթում մարդկանց մենակ թողնելն ու տարբեր մասնավոր բնույթի հարցեր չտալը նրանց մշակույթի հանդեպ հարգանքի դրսևորման նշան է: Նորմալ, և նույնիսկ ցանկալի է համարվում նաև այն, որ մարդիկ անընդհատ մրցակցության մեջ են գտնվում միմյանց հետ: Տվյալ բնագավառում անհատի ցուցաբերած հաջողությունը չափազանց բարձր է գնահատվում:
Բարեգործությունը/Կամավորության սկզբունքը
Բարեգործությունն ու կամավորական աշխատանքը Ամերիկայում ավանդական բնույթ են կրում: Օրինակ` 2003թ միայն ամերիկացիների 63%-ը. բարեգործական նպատակով նվիրատվություններ է կատարել: Բարեգործական նվիրատվություններ ստացողները սովորաբար կրոնական խմբավորումներն են, երեխաների սննդի և հագուստի հարցերով զբաղվող կազմակերպությունները, չքավորների ու կացարաններից զուրկ մարդկանց, առռղջապահական կամ հետազոտական հարցերով զբաղվող կազմակերպությունները, ինչպես նաև կրթական հարցերում ներգրավված կամ աղետից տուժածներին օգնություն տրամադրող կազմակերպությունները: Ֆինանսավորման հայթայթման և ֆիլանտրոպիայի ամերիկյան ասոցիացիան հաշվարկել է, որ 2000թ. նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 203.45 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս գումարի 25% տրամադրվել է հիմնադրամների, իսկ 75% մասնավոր անձանց կողմից: Բարեգործությունը չի սահմանափակվում հարուստների նվիրատվությամբ: Այն ամերիկացիները, ովքեր չեն կարողանում գումարի տեսքով նվիրատվություններ անել, տրամադրում են իրենց ժամանակը կամ հմտությունները` կամավոր կերպով աշխատելով ճաշարանային խոհանոցներում, մասնավոր պարապմունքներ անցկացնելով երեխաների հետ դասերից հետո, ճաշ մատակարարելով ծերերին ու անդամալույծներին և այլն: Մեծահասակները չեն միայն, որ տրամադրում են իրենց ժամանակն ու գումարները: 1999թ. հետազոտության տվյալների համաձայն, միջնակարգ դպրոցների ուսանողների 55% դասերից հետո մասնակցել է տարբեր տեսակի կամավորական գործունեության:
Որպես ամփոփում
Ինչպես երևում է վերոհիշյալ փաստերից և թվերից, Ամերիկան շատ բազմազան երկիր է: Չի կարելի ասել, թե բոլոր ամերիկացիները միավորված են ընդհանուր լեզվի, կրոնի, ռասայի, ծննդավայրի, ընդհանուր զբաղմունքի կամ մշակույթի շուրջ: Սակայն ամերիկացիներից քչերն են կասկածում, որ որպես ամերիկացի, նրանք ունեն մեկ ընդհանուր ինքնություն, և որ Ամերիկան մի միասնական երկիր է:
|